Լայպցիգում ձերբակալված Սիրիայից փախստականը՝ 22-ամյա Ջաբեր ալ-Բաքրը, հնարավոր է, կապեր է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ եւ ահաբեկչություններ ծրագրել գերմանական տրանսպորտային միջոցներում: DW-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը:
Նրա խոսքով՝ հատուկ ծառայությունների տվյալները հաստատում են, որ կասկածյալը նախապես ահաբեկչություններ է ծրագրել գերմանական գնացքներում, սակայն ի վերջո ուշադրությունը կենտրոնացրել է Բեռլինի օդանավակայանների ուղղությամբ:
Հնարավոր ահաբեկչության մասին տեղեկություն է ստացվել դեռեւս սեպտեմբերի սկզբին: Երբ գերատեսչությանը հաջողվել է պարզել, թե հատկապես ով է զբաղվում հարձակման նախապատրաստմամբ, կասկածյալին մշտապես հետեւել են: Նրան ձերբակալելու մասին որոշումն ընդունվել է, երբ պարզվել է, որ սիրիացին հատուկ սոսինձ է գնել, որը, փորձագետների կարծիքով, ապագա պայթուցիկ սարքն ավարտին հասցնելու վերջին տարրը պետք է լիներ:
Հոկտեմբերին 8-ին Խեմնիցում ձերբակալության առաջին փորձի ժամանակ Ջաբեր ալ-Բաքրին հաջողվել է փախուստի դիմել: Սակայն մեկ օր անց գիշերը նրան ձերբակալել են Լայպցիգում, երբ սիրիացին կայարանում խոսել է իր հայրենակիցներից մեկի հետ եւ գիշերելու թույլտվություն խնդրել: Նա համաձայնել է, իսկ հետո հարեւանների օգնությամբ կապկպել է կասկածյալին եւ ոստիկանությանը հանձնել:




























