Մահապատիժը չի հանգեցնում հանցագործության մակարդակի, այդ թվում՝ ահաբեկչությունների քանակի նվազմանը։ Այս մասին Մահապատժի չեղարկման համաշխարհային օրվա կապակցությամբ ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։

Այս տարի Համաշխարհային օրը նվիրված է մահապատժի՝ որպես ահաբեկչությունների հետ կապված հանցագործությունների պատժի չեղարկմանը։ Բան Կի Մունը նշել է, որ այսօր նման հանցանքի համար մահապատիժ է նախատեսված աշխարհի 65 երկրներում։

«Փորձը ցույց է տալիս, որ ահաբեկիչներին մահապատժի ենթարկելը դրանց կազմակերպությունների կողմից օգտագործվում է նրանց նահատակների կերպարով ներկայացնելու քարոզչության նպատակով, ինչը նպաստում է նոր համախոհներ հավաքագրելու քարոզչության արդյունավետության բարձրացմանը»,– ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Բան Կի Մունը նշել է, որ ահաբեկչության համար մահապատիժները հաճախ կայացվում են ռազմական կամ հատուկ դատարաններում հապշտապ, սխալ դատաքննությունների արդյունքում եւ հավելել, որ մահապատիժը դաժան եւ անմարդկային պրակտիկա է, որը տեղ չունի 21-րդ դարում։