Սաուդյան Արաբիայից պատանի Աբու Սանը մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկման կդատապարտվի՝ YouNow կայքում ամերիկուհու հետ սեթեւեթելու համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ անչափահաս դպրոցականը կապ է հաստատել Քալիֆորնիայից 21-ամյա Քրիստինա Քրոքեթի հետ եւ կատակով նրան ամուսնության առաջարկ արել: Ի պատասխան՝ ամերիկուհին մատին ամուսնական մատանի է նկարել եւ դեռահասին սեր խոստովանել: Դրանից հետո զույգը մի քանի անգամ տեսակապով զրուցել է, իսկ Քրիստինան իրենց խոսակցությունների ձայնագրությունները հրապարակել է YouTube-ում:

Արդյունքում թագավորության կրոնական ոստիկանությունն Աբու Սանին ձերբակալել է անբարո վարքի համար: Նրան մեղադրում են բարոյական եւ կրոնական նորմերը խախտող նյութեր ստեղծելու, ինչպես նաեւ երկրի բնակիչների մասին բացասական պատկերացում ձեւավորելու համար: Դեռահասը դատաքննության է սպասում: