ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան պարոն Թիան Էրլունին եւ նրա հետ քննարկել «Մետաքսի ճանապարհ» չինական ծրագրին Հայաստանի մասնակցության հեռանկարները:
Հանրային խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Հանրային խորհրդի անդամներ Հովիկ Մուսայելյանը եւ Վազգեն Սաֆարյանը (ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ):
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Քննարկվել են «Մետաքսի ճանապարհ» չինական ծրագրին Հայաստանի մասնակցության հեռանկարները` մասնավորապես Մետաքսի ճանապարհի երկրների միջազգային առեւտրի պալատին անդամակցության եւ ակտիվ համագործակցության տեսանկյունից:
ՀԽ նախագահն ու Չինաստանի դեսպանն անդրադարձել են նաեւ երկու երկրների հանրային խորհուրդների գործունեությանը` կարեւորելով դրանց դերը միջկառավարական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Այդ առումով քննարկվել է նաեւ երկու երկրների հանրային խորհուրդների համագործակցությունն առավել ակտիվ ու դինամիկ դարձնելու անհրաժեշտությունը:




























