Ոչ մի երկիր անվտանգ չէ, ահաբեկչությունը սպառնում է բոլորին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօրվա նիստի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:
Օլանդն ընդգծեց, որ տեռորիզմը դեմ է ժողովրդավարական նորմերին, ֆանատիզմը վտանգում է մարդկանց ազատությունը:
«Պետք է բացառել ատելության հանդեպ պրոպագանդան, պետք է վերացնել ֆանատիզմը, սա սպառնացող վտանգ է: Միեւնույն ժամանակ, մենք պետք է կարողանանք ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունն ու կրոնի իրավունքը: Սա շատ կարեւոր է պահպանել»,- ասաց Ֆրանսուա Օլանդը:
Ըստ Օլանդի՝ չպետք է կասկածի տակ դնել կրոնական ազատությունը Ֆրանսիայում. մարդիկ, որոնք կհարգեն հասարակական կարգը, խնդիր չեն ունենա:




























