Հոկտեմբերի 15-16-ին Բեյրութի Հայկազյան Համալսարանում տեղի է ունեցել Հաճնի հերոսամարտի 90 ամյակին նվիրված գիտաժողով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովի բացման օրը բարի գալուստի  խոսքով հանդես է եկել Հաճնի Հայրենակցական միության ատենապետ Փոլ Յաղուբյանը, ով ներկայացրել է գիտաժողովի աշխատանքների ծրագիրը:   Հայկազյան Համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոստյանն իր երախտագիտությունն է  հայտնել բոլոր հայրենակցական միություններին գիտաժողովի նախապատրասատական աշխատանքներն իրականացնելու համար: Հաճնի վերջին քաղաքապետի թոռը` Ժերար Շալյանը անդրադարձել է Հաճնի պատմությանը եւ հերոսամարտի ընթացքում դիմագրաված դժվարություններին եւ զրկանքներին:

 Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը ընդգծել է գիտաժողովի անցկացման կարեւորությունը հայ ժողովրդի դժվարին եւ հերոսական պատմությունը վերհիշելու եւ վերաիմաստավորելու, ինչպես նաեւ ապագա ծրագրերն ու հեռանկարները ուրվագծելու եւ պատակաուղղված դարձնելու տեսանկյունից: Նա նշել է, որ Հաճնի հերոսամարտը թուրք ջարդարարների դեմ մղած հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության հերոսական էջերից է: Դեսպանը համոզմումք է հայտնել, որ աշխարհի կողմից առաջադրած նորանոր մարտահրավերները կարելի է  հաղթահարել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնականությամբ ու նվիրումով:

Այնուհետեւ Հայկազյանի ցուցասրահում տեղի է ունեցել   Հաճնի պատմական նկարների ցուցահադեսի բացումը:

Հոկտեմբերի 16-ին գիտաժողովի շրջանակներում անցկացվել են դասախոսություններ եւ քննարկումներ «Հաճնի 1915 թ. Բռնագաղթը», «Հաճընն ու իր հեղափոխական ոգին», «Նոր Հաճնի Ս. Գեւորգ եկեղեցու տոմարները»,  «Ֆրանսիան եւ Հաճընը. անխուսափելի պարտության ռազմավարությունը», «Հաճնի ցեղասպանությանը մասնակցողներին պատժելու փորձեր 1918-1920թթ.» եւ այլ թեմաներով: Նույն օրը երեկոյան Բեյրութի Հաճըն թաղամասում կազմակերպվել է ավանդական մատաղօրհնեք եւ տոնական համերգ:

Միջոցառումներին մասնակցել են քաղաքական գործիչներ, պատմաբաններ, արտասահմանյան հյուրեր: