Փարիզում անցել է նույնասեռականների ամուսնությունների մասին օրենքի հակառակորդների՝ վերջին երկու տարվա մեջ առաջին բողոքի ակցիան։ Շարժման նախաձեռնողները նախագահական ընտրությունների նախօրեին թեկնածուներից պահանջում են իրենց վերաբերմունքն արտահայտել այդ օրենքի մասին։ Ոստիկանության տվյալներով ակցիային 23-24 հազար մարդ է մասնակցել, իսկ կազմակերպիչների խոսքով՝ մոտ 200 հազար, փոխանցում է RFI–ն։
Ոստիկանները 13 մարդու են ձերբակալել, այդ թվում Femen շարժման վեց ներկայացուցիչների։
«Այս օրենքը անարդար է ու այն կարող է ու պետք է վերանայվի։ Իհարկե մենք Ֆրանսուա Օլանդից նման բան չենք ակնկալում։ Բայց մենք ուզում ենք այդ կոչով դիմել բոլոր քաղաքական գործիչներին,- RFI-ի եթերում պատմել է շարժման ղեկավար Լյուդովին դե լյա Ռոշերը։ Աջերը հստակ արտահայտում են իրենց դիրքորոշումը՝ առանց հոր մասնակցության օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ու փոխնակ մայրության գործածման խնդրի շուրջ։ Նրանք հստակ արտահայտվում են ի օգուտ ընտանիքի ինստիտուտի։ Աջերից մի քանիսը կողմ են օրենքի չեղարկմանը, իսկ մյուսները ՝ փոփոխմանը»։
Ցուցարարների ձեռքին պաստառներ էին «2017-ին ես քվեարկելու եմ ընտանիքի օգտին» կարգախոսով։ Երթի մասնակիցներից շատերը տարեց մարդիկ էին, կային նաեւ փոքր երեխաներ։ Շատերը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից հատուկ ցույցին մասնակցելու համար Փարիզ էին եկել։ Նույնասեռականների ամուսնությունների մասին օրենքի դեմ վերջին խոշոր ցույցը Ֆրանսիայում 2014-ի հոկտեմբերին էր անցել։ Ոստիկանության տվյալներով դրան 70 հազար մարդ էր մասնակցել, կազմակերպիչների վստահեցմամբ՝ 500 հազար։




























