Բրիտանիայի տնտեսությունը հայտնվել է աճի թուլացման երկարատեւ ժամանակաշրջանում, քանի որ սպառողական ծախսերը դանդաղում են, իսկ բիզնեսը ներդրումներից ձեռնպահ է մնում: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է EY Item Club վերլուծական կենտրոնի զեկույցում:
Փորձագետները 2016-ի համար կանխատեսել են բրիտանական տնտեսության 1.9 տոկոս աճ, բայց ակնկալում են, որ այն ինֆլյացիայի աճին զուգահեռ շնչահեղձ կլինի:
Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո երկրի տնտեսության կայունությունը «խաբուսիկ» էր, կարծում է EY-ը: Բրիտանացիների գրեթե 52 տոկոսը այդ ժամանակ քվեարկել էր ԵՄ-ից դուրս գալու օգտին:
Սպասվում է, որ ինֆլյացիան հաջորդ տարի կհասնի 2.6 տոկոսի՝ մինչ 2018 թվականին 1,8 տոկոսի իջնելը, նշված է զեկույցում: Փորձագետների կարծիքով՝ դա կհանգեցնի սպառողական ծախսերի աճի դանդաղման: Այս տարի ակնկալվող 2.5 տոկոսից 2017-ին այն կնվազի մինչեւ 0.5 տոկոս, իսկ 2018-ին կկազմի 0.9 տոկոս:
EY-ի կանխատեսումներով՝ Բրիտանիայի եւ ԵՄ-ի առեւտրային հարաբերությունների ապագայի անորոշության պատճառով բիզնեսում ներդրումները եւս կնվազեն՝ այս տարի 1.5 տոկոսով, իսկ 2017 թվականին՝ ավելի քան 2 տոկոսով:
Վերլուծաբանները ենթադրում են, որ սպառողական ծախսերի նվազումը եւ ներդրումների անկումը կհանգեցնեն ՀՆԱ-ի աճի կտրուկ դանդաղման՝ մինչեւ 0,8 տոկոս 2017 թվականին: Այդուհանդերձ, նրանք ակնկալում են, որ 2018 թվականին տնտեսության աճի տեմպը կկազմի 1.4 տոկոս:



























