Դնեպրի Հայկական մշակութային «Վարդուհի» կենտրոնում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Ուկրաինայում հայ գրատպության 400-ամյակին: Այս մասին հայտնում է Analitikaua-ը:

Ցուցահանդեսում  ներկայացված է Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմությունը:

Ինչպես հայտնել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը, միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մի շարք հրապարակումների շնորհանդես: «Այցելուների ուշադրությանն են ներկայացված ուկրաիներեն եւ հայերեն նոր հրատարակություններ, որոնք նվիրված են Ուկրաինայի հայերի պատմությանն ու մշակույթին: Ներկայացվել է նաեւ «Հայագիտության հրատապ հարցեր» եզակի հրատարակությունը, որը Միության գիտական  աշխատությունների ժողովածու է, որի մեջ ներառված են ուկրաինացի եւ արտասահմանյան գիտնականների ավելի քան 30աշխատանքներ»:

Ցուցահանդեսը բաց է մինչեւ հոկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Ուկրաինայում հայ գրատպության 400-ամյակը: Առաջին հայերեն գիրքը Լվովում 1616 թվականի դեկտեմբերի 15-ին տպագրված «Դավթի սաղմոսները» գիրքն է: