Զբոսաշրջիկներին եւ զբոսավարներին կապող հայկական Localz հարթակը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում  կսկսի գործել միանգամից 10 երկրներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց ընկերության տնօրեն Արտավազդ Սոխիկյանը:

Localz-ը զբոսավարին եւ զբոսաշրջիկին կապող հարթակ է, որը նպաստում է լոկալ զբոսաշրջության զարգացմանը: Վեբ տարբերակով այն սկսել է գործել 2016 թվականի մայիսից, իսկ հուլիսից արդեն հասանելի էր android, iOS եւ Windows phone համակարգերի համար:

Գրանցվելով համակարգում՝ զբոսաշրջիկը կարող է գտնել իրեն հարմար ծառայություններ մատուցող զբոսավարին: Հարթակում կարող է գրանցվել տվյալ երկրում ապրող ցանկացած մարդ, ով ցանկանում է զբոսավարի  ծառայություններ մատուցել: Միջազգային շուկայում գործող նմանատիպ շատ հարթակներ կան, որոնցից թերեւս, կարելի է առանձնացնել Viator-ը, որը 2014 թվականին $200 մլն-ով գնվեց Trip Advisor-ի կողմից: Սակայն շուկայում արդեն գործող հարթակներից Localz-ը տարբերվում է նրանով, որ այստեղ զբոսաշրջիկն է թելադրում ցանկալի ճանապարհորդության պայմանները՝ առաջարկվող ստանդարտ շրջագայությունների փոխարեն:

Արտավազդ Սոխիկյանի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ այս մոդելով ծառայություններ մատուցող զբոսավար գտնելը անհամեմատ արագ է եւ էժան: « Localz-ի  միջոցով զբոսավար եւ շրջագայություն գտնելով՝ զբոսաշրջիկը  շուկայականից 2.5 անգամ քիչ է վճարում»,- հավելում է Localz-ի տնօրենը:

Զբոսաշրջության ոլորտը վերջին տարիներին մեծ փոփոխություններ է կրել՝ կապված տեխոլոգիական առաջընթացի հետ: Այժմ տոմսերը գնում են էլեկտրոնային տարբերակով, ճանապարհորդում Uber կամ նմանատիպ ծառայությունների առաջարկած մեքենաներով, եւ Localz-ի առաջարկած լուծումը այս շղթայի տրամաբանական օղակն է դառնում: Հարթակն այս պահին գործում է Հայաստանում եւ Վրաստանում: Համակարգում արդեն գրանցված են 150 զբոսավար  եւ 800 զբոսաշրջիկ, իսկ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Localz-ը կսկսի գործել միանգամից 10 երկրներում:

«Հայկական շուկան շատ փոքր է՝ համեմատած Եվրոպական շուկայի հետ, որտեղ տարեկան մոտ 380 մլն զբոսաշրջիկ է ճանապարհորդում: Մեզ մոտ այդ թիվը 1.2 մլն-ի կարգի է, որից 10%-ն է միայն օգտվում զբոսավարի ծառայությունից: Եվրոպական շուկա մտնելը մեզ համար առաջնային խնդիր է, որն առաջիկայում պետք է փորձենք լուծել»,- կիսվում է Արտավազդ Սոխիկյանը:

Խոսելով հայկական ստարտափերի խնդիրների մասին՝  Արտավազդ Սոխիկյանը՝ նշեց, որ success story –ների սակավության պատճառով Հայաստանում զգացվում է մենթորային կառույցների պակաս: Localz ընկերության տնօրենի կարծիքով  վերջին երկու տարիների ընթացքում հայկական ստարտափ էկոհամակարգը շատ է փոխվել, շնորհիվ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) կամ նմանատիպ մի քանի կառույցների կազմակերպած տարբեր թրեյնինգների եւ իրականացված նախագծերի շնորհիվ, սակայն ցանկալի է, որ Joomag,PicsArt, SoloLearn-ի եւ նմանատիպ արդեն կայացած ստարտափերի օրինակները շատ լինեն:

Ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում գնահատելի աշխատանք է տարվում նաեւ սփյուռքի տեխնոլոգիական ոլորտի մասնագետների կողմից: Արտավազդ Սոխիկյանի խոսքով՝ արտասահմանում կան ոլորտում կայացած ազդեցիկ հայ մասնագետներ, որոնք մեծ ներդրում ունեն Հայաստանում ՏՏ ոլորտին մենթորական, ֆինասական օգնություն տրամադրելու հարցում:

«Կայացման դժվարին ուղին արդեն հաղթահարած մասնագետների խորհուրդները կարեւոր են սկսնակների համար: Դրանք օգնում են խուսափել շատ սխալներից եւ ճիշտ բիզնես կառուցել», – ասաց նա։

Անդրադառնալով հայկական ստարտափների՝ համաշխարհային շուկայում տեղ գտնելու խնդիրներին՝ Արտավազդ Սոխիկյանը նշեց, որ մեզ մոտ շատ հաճախ չեն պատկերացնում գլոբալ շուկայի պահանջներն ու խնդիրները:

« B2B մոդելով հնարավոր չէ աշխատել՝ տեղակայված լինելով միայն Հայաստանում: Իրական չէ Հայաստանից հասկանալ, օրինակ, ԱՄՆ-ի շուկայի պահանջները: B2C մոդելի դեպքում խնդիրները այլ են. մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջվում, այսինքն՝ յուրաքանչյուր մոդելի դեպքում խնդիրները սպեցիֆիկ են»,- հավելեց Արտավազդ Սոխիկյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-5 Բրազիլիայում կայացած Համաշխարհային ՏՏ կոնգրեսի (WCIT) շրջանակում  Localz-ն արժանացել է մրցանակի Emerging Digital Solutions անվանակարգում: 2019 թվականին WCIT-ը կկայանա Հայաստանում: