Կոլորադոյում ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Պատերսոն» բազան հաղորդել է Կոլորադո Սփրինգս քաղաքի կոյուղու համակարգ ավելի քան 500 հազար լիտր ջրի արտահոսքի մասին, որում թունավոր քիմիական նյութեր կան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP գործակալությունը:

Ջրում պերֆտորացված օրգանական միացություններ կան (PFC), որոնք կապված են ուռուցքային հիվանդությունների հետ: Ըստ գործակալության՝ բազայում հրդեհները մարելու համար փրփուր է օգտագործվում, որի բաղադրության մեջ այդ PFC միացությունները կան:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ քիմիկատները խմելու ջրին վտանգ չեն սպառնում: Ջուրն անցել է տեղի ջրամաքրման կայաններով, բայց դրանց սարքավորումները նախատեսված չեն PFC-ից ջուրը մաքրելու համար:

Տեղի բնակիչների համար վտանգի մակարդակն առայժմ հայտնի չէ: Արտահոսքի պատճառները պարզվում են, հետաքննություն է սկսվել: