ՅՈՒՆԵՍԿՕ-ի վճարների մուծումը դադարեցնելու մասին Ճապոնիայի որոշումը վկայում է նրա անպատասխանատվության մասին, ու այդ քայլի տակ թաքնված նպատակները դատապարտված են ձախողման։ Այս մասին հայտնել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, փոխանցում է «Սինհուան»։

Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հոկտեմբերի 14-ին հայտնել է, որ ճապոնական կողմը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով վերանայել Համաշխարհային ժառանգության ցուցակ օբյեկտների ընդգրկման ընթացակարգը ու կազմակերպությանը տեղյակ է պահել, որ որոշել է չմուծել 2016-ի վճարները։

«Նանկինյան կոտորածը ծանրագույն հանցագործություն է, որը իրականացրել է միլիտարիստական Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, դա պատմական փաստ է, որը ճանաչված է միջազգային համայնքի կողմից»,- նշել է Խուա Չունյինը։ «Այն փաստը, որ Նանկինյան կոտորածի մասին վկայող արխիվները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռեեստրում, վկայում է այն մասին, որ դրանք ամբողջովին համապատասխանում են կազմակերպության չափանիշներին»,- հավելել է դիվանագետը։

Նա նշել է, որ Ճապոնիան, որոշելով դադարեցնել ՅՈւՆԵՍԿՕ-ին վճարների մուծումը, եւս մեկ անգամ ցուցադրեց իր սխալ դիրքորոշումը՝ պատմական անցյալին առերեսվելու դժկամությունը։