Չի կարելի մարդկանց բանտերում պահել քաղաքական հայացքների համար, դա սխալ է, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդը՝ պատասխանելով 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցության անազատության մեջ գտնվող 11 անձանց մասին հարցին (2008 թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցան բախումներ, որի արդյունքում զոհվեց 10 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվեցին, մի քանի տասնյակ ընդդիմադիրներ ձերբակալվեցին-խմբ.):
Նա նշել է, որ ԵԽ-ն ակնդետ հետեւում է Հայաստանում ընթացող գործընթացներին 2008-ից սկսած եւ երկրի ղեկավարության հետ հանդիպումներում կազմակերպությանը հուզող հարցեր է բարձրացնում: Ընդ որում, Յագլանդը նշել է, թե տեղյակ չէ մարտի 1-ի զոհերի հարազատների՝ իր հետ հանդիպելու խնդրանքի մասին:
Նրա խոսքով, ԵԽ-ն ուշադիր հետեւում է նաեւ «Ա1+»-ին եթեր տրամադրելու հարցին, կազմակերպության ներկայացուցիչներն այդ հարցը քննարկում են Հայաստանի ղեկավարության հետ: «Մենք գիտենք, որ դուք նման խնդիրներ ունեք, եւ անհրաժեշտության դեպքում մեր անհանգստությունն ենք հայտնում: Հենց այդ պատճառով էլ Հայաստանն առ այսօր գտնվում է մոնիտորինգի տակ: Կա նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել»,- նկատել է Յագլանդը:
Նա հատուկ նշել է, թե Եվրոպայի Խորհուրդը իրավունք չունի միջամտել երկրի գործերին: «Եթե մենք մեզ վրա վերցնենք ձեր ազգային հաստատությունների գործառույթները, կհայտնվենք շատ բարդ դրության մեջ»,- ասել է նա: Յագլանդն ընդգծել է, թե ժողովրդավարացման գործընթացը շատ բարդ եւ երկար է, բայց գլխավորն այն է, որ Հայաստանն այժմ գտնվում է այդ գործընթացի մեջ: «Որոշ երկրներ այդ գործընթացով շատ դանդաղ են անցնում, բայց ավելի լավ է դանդաղ անցնել, քան ընդհանրապես դոփել տեղում»,- ասել է նա:





























