«Ադրբեջանի նախագահը հիստերիկ եւ փաստազուրկ ստեր կրկնելուց բացի, նաեւ պարզունակ փորձ է կատարում ճնշում գործադրել համանախագահների վրա, ինչը հենց վերջիններիս` իրերը իրենց անուններով կոչելուց խուսափելու արդյունք է»,- նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ռազմաշունչ հայտարարությունները:
«Անկասկած Ադրբեջանում գիտակցում են, որ ճշմարտությունը վաղ թե ուշ դուրս կգա ջրի երես, այդ պատճառով էլ շարունակում են իրենց ստահոդ հայտարարությունները` կոծկելու համար իրենց պատմական մեղքերը: Ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ բանակցային գործընթացում լինելով պարտվողի դերում` Ալիեւն այժմ ամեն ինչ անում է այն ձախողելու եւ ամեն ինչը ուրիշների վրա բարդելու համար: Հատկանշական է, որ նույնիսկ իր սեփական երկրում Ալիեւի այդ զառանցանքներին, ոչ ով լուրջ չի վերաբերվում»,- ասել է Մելիքյանը:




























