Կոլորադոյի բնակիչ 41-ամյա հաքեր Բրենդոն Բուրրեին դատարանը դատապարտել է 29 ամսվա ազատազրկման PhotoFucket հավելվածը ստեղծելու եւ վաճառելու համար, որը Photobucket ծառայության 10 մլրդ պատկերներին ապօրինի հասանելիության հնարավորություն է տվել: Այս մասին հայտնում է Life-ը:
Ավելին՝ Բրենդոնը ստեղծել է Skch.me կայքը, որում տեղադրել է Photobucket-ի առավել հրապուրիչ հաշիվներից մեկը: «Բարի գալուստ Skch.me, որտեղ կարող եք գտնել սիրողական լուսանկարներ, տնային սեքս-հոլովակներ եւ շատ այլ բաներ»,- կայքում կոչ է արել Բրենդոն Բուրրեն, որն այժմ արդեն փակվել է:
Նա PhotoFucket հավելվածը վաճառել է 30 դոլարով, իսկ քննության տվյալներով՝ այն ձեռք է բերել առնվազն 1739 օգտատեր: PhotoFucket հավելվածը օգտատերերին թույլ է տվել շրջանցել մասնավորեցման կարգավորումները եւ պատճենել ցանկացած քանակությամբ պատկերներ, որոնց մի մասը խիստ անձնական բնույթի է եղել:
Դատարանը նշել է, որ հաշիվը կարող էր օգտագործվել Photobucket-ի օգտատերերին շանտաժի ենթարկելու համար: Ընդհանուր առմամբ հաքերը PhotoFucket-ի վաճառքից 49 հազար դոլար է վաստակել:




























