Եվրամիությունը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը մտահոգված են Amnesty International իրավապաշտպան կազմակերպության մոսկովյան գրասենյակի փակմամբ, որը Ռուսաստանի իշխանությունները պատճառաբանել են վարձավճարի չվճարմամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Amnesty-ից հայտնել են, որ վճարումները ստուգելու դիմում են ներկայացրել, բայց այն կքննարկվի միայն 3 շաբաթ հետո:

Amnesty-ի գրասենյակի փակման հետ կապված դժգոհություն են հատնել Բրյուսելից եւ Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատնից:

«Մենք Amnesty International-ի հետ շփվում ենք ինչպես նրա եվրոպական կենտրոնակայանում, այնպես էլ Մոսկվայում, որի ներկայացուցիչները պնդում են, որ Մոսկվայի իշխանությունների ներկայացրած պատճառները միանգամայն ոչ իրական են»,- նշված է Եվրոպայի արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Ֆրանսիան Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում Amnesty International-ի եւ մյուս իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը շարունակելու հնարավորություն ապահովել»,- նշված է Ֆրանսիայի դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Մինչդեռ Amnesty-ի ռուսական գրասենյակում ասել են, որ քաղաքի գույքի դեպարտամենտում հաստատել են, որ կազմակերպությունը վարձավճարի պարտք չունի: