Հարավային Կորեայի նախագահ Փաք Կըն Հեն զգացմունքային ներողություն է խնդրել ընկերուհու հետ կապված սկանդալի համար, որին մեղադրում են երկրի ղեկավարության որոշումների վրա ազդելու փորձերի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հեռուստաուղերձում նա նաեւ քաղաքացիներին վստահեցրել է, որ պատրաստ է պատասխանել քննիչների բոլոր հարցերին:
Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ նախագահի մտերիմ ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը, որը որեւէ առնչություն չունի պետական ծառայության հետ, խմբագրել է նախագահի ելույթները: Քննիչները ենթադրում են, որ նա մասնակցել է երկրի կառավարմանը:
Իրավիճակը բարդացնում է փաստը, որ Չհվե Սուն Սիլը կրոնական աղանդներից մեկի հանգուցյալ հիմնադրի դուստրն է: Սուն Սիլին ձերբակալել են՝ ելնելով մտավախությունից, որ նա կարող է փախչել երկրից: Սկանդալն արագորեն քաղաքական ճգնաժամի է վերածվել: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նախագահի հրաժարականը:
Քաղաքական ճգնաժամի ֆոնին Փաք Կըն Հեն լուրջ կադրային փոփոխություններ է կատարել՝ փոխելով վարչապետին, ֆինանսների նախարարին, իր աշխատակազմի ղեկավարին եւ քաղաքական քարտուղարին:




























