Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ հետախուզության ծառայություններն ուսումնասիրում են Հիլարի Քլինթոնի ընտրարշավի վարկաբեկմանն ուղղված կեղծված փաստաթղթերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին:

Փաստաթղթերից մեկը տպագրված է Սենատի Ներքին անվտանգության կոմիտեի դեմոկրատ սենատոր Թոմ Քարփերի ձեւաթղթի վրա, որը նման է բնօրինակին: Սենատորի անունից Քլինթոնին ուղղված նամակում, որը կեղծված է համարվել, գրված է. «Մենք քեզ թույլ չենք տա այս ընտրություններում պարտվել», հայտնել է այս փաստաթուղթը տեսած մարդը:

Ռուսական ծագմամբ հաքերային հարձակումների քննության շրջանակներում ՀԴԲ-ի քննիչները Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաներին խնդրել են ներկայացնել ենթադրաբար կեղծված այլ փաստաթղթերի պատճենները եւս, որոնք շրջանառվել են էլեկտրոնային նամակների եւ այլ բնօրինակային նյութերի թվում, որոնք ստացվել են նրանց սերվերը կոտրելու հետեւանքով, հայտնել են քննության ընթացքին տեղյակ անձինք:

ԱՄՆ հատուկ ծառայությունների պաշտոնյաները մասնավոր զրույցներում համոզմունք են հայտնում, որ Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստը կոտրելու հետեւում կանգնած են Ռուսաստանի իշխանությունները, որոնք ցանկանում են սասանել ընտրությունների հանդեպ հավատը: Այդ նպատակով կարող են օգտագործվել ընտրողների ձայների մեքենայության կեղծ ապացույցներ եւ այլ ապատեղեկատվություն՝ ուղղված նոյեմբերի 8-ին անցկացվող ընտրություններից առաջ ընտրարշավի եզրափակիչ հատվածի վրա ներգործելուն: