Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջարկների հիման վրա ՄԱԿ-ը անվարորդ ավտոմեքենաների շահագործման համընդհանուր կանոններ է մշակում՝ հնարավոր հաքերային հարձակումների կանխման նպատակով: Այս մասին հայտնում է Nikkei-ն:
Խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթուղթը պետք է ընդունվի նոյեմբերի կեսերին կայանալիք ՄԱԿ-ի փոխադրամիջոցների օրենսդրության ներդաշնակեցման համաժողովի ենթակոմիտեի նիստում: Այն կարող է օրինակ ծառայել տարբեր երկրներում օրենսդրության մշակման համար: Մասնավորապես՝ փաստաթուղթը հիմք կստեղծի անվարորդ ավտոմեքենաների ճանապարհային երթեւեկության պատահարների դեպքում պատասխանատվությունը որոշելու համար, նաեւ դրանք վարելու թույլտվություններ տալու կանոններ կսահմանի:
Փաստաթղթում կամրագրվեն անվարորդ մեքենաների համար տվյալների եւ ազդանշանների վերծանման բազային կանոնները: Նաեւ կսահմանվի անսարքության դեպքում վարելու ձեռքի ռեժիմի անցնելու կանոնը:
Նախկինում ԱՄՆ-ն պլանավորում էր կանոնների նման ժողովածու մշակել, սակայն Tesla Motor-ի վթարից հետո որոշում էր ընդունվել այդ նախաձեռնությունը Ճապոնիային եւ ԵՄ երկրներին փոխանցելու մասին:




























