Ճապոնական Toyota եւ Mazda ավտոընկերությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Automotive News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Իրազեկ աղբյուրը լրագրողներին պատմել է, որ փակ հանդիպման ժամանակ երկու ճապոնական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակում ընկերությունները կհամագործակցեն 10 տարբեր ուղղություններով:
Դրանցից ամենանշանակալին կլինի էլեկտրական ավոտմեքենաների ստեղծումն ու V2V համակարգի (vehicle-to-vehicle) մշակումը «խելացի» մեքենաների համագործակցության համար:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Toyota-ի եւ Mazda-ի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել այս տեղեկությունը:
Նախկինում այս ընկերությունները շարժիչների ստեղծման տեխնոլոգիաների փոխանակման համաձայնագիր էին ստորագրել:




























