Փորձելով հարթել էկոլոգիական թեստերի տվյալների մանիպուլացման պատճառով ամերիկյան իշխանությունների հետ ծագած կոնֆլիկտը՝ գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը ԱՄՆ-ում երկարատեւ բանակցություններից հետո   պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Audi դուստր ընկերության արտադրության երեք լիտրանոց շարժիչներով շուրջ 80 հազար դիզելային ավտոմեքենայի վերանորոգման ու հետ գնման մասին, հայտնում է DW-ն։

Փոխզիջումային պայմանավորվածությունը նախատեսում է, որ պետք է հետ գնվեն շուրջ 20 հազար ավելի հին մեքենաներ,  եւս 60 հազար լիմուզին ու ամենագնաց  էլ պետք է վերանորոգվի։ Մեքենաների սեփականատերերին վնասի փոխհատուցման մասին բանակցությունները դեռ շարունակվում են փաստաբանների հետ։

Մինչ այդ VW–ն արդեն պայմանավորվել էր 475 հազար դիզելային երկուլիտրանոց շարժիչներով մեքենաների մասին, որոնց վրա տեղադրված էր վնասակար արտանետումների քանակը միտումնավոր նվազեցնող ապօրինի ծրագրային ապահովում։ Նոյեմբերի վերջին նախատեսված են այս գործով դատական լսումներ։

"Դիզելային սկանդալը" բռնկվել էր 2015-ի սեպտեմբերին, երբ պարզվել էր, որ VW–ը իր ավտոմեքենաների վրա ծրագրային ապահովում է տեղադրել, որը մանիպուլացնում է թեստերի արդյունքները՝ դրանք էկոլոգիական ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով։