Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան ընդունել է իր սխալը եւ հաստատել, որ ԿԽՄԿ–ն հայտարարություն չի տարածել Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով։

ԱՊԱ–ի փոխանցմամբ ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ ԿԽՄԿ–ն կարծիք չի հայտնում ձերբակալությունների պատճառների, կալանքի տակ լինելու իրավական բնագավառի եւ դատավճռի իրավացիության մասին։

Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի օմբուդսմենը սկանդալային հայտարարություն էր տարածել՝ բառացիորեն ԿԽՄԿ ղեկավարին վերագրելով Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերին աստիճանի ոչ կոռեկտ հայտարարություն։ «Մեզ ասել են, որ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին ներկայացված պատիժը չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին եւ հակասում է դրան»,– ասել էր օմբուդսմենը։

Դրան ի պատասխան՝ ԿԽՄԿ–ն պարզաբանումներ էր տվել՝ հերքելով Սուլեյմանովայի հայտարարությունը։

Ադրբեջանի ՄԻՊ–ը մի քիչ մտածելուց հետո ստիպված էր հաստատել դա։ «ԿԽՄԿ–ն երբեք կարծիք չի հայտնում ձերբակալությունների պատճառների, կալանքի տակ լինելու իրավական բնագավառի եւ դատավճռի իրավացիության մասին»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման: