«Էսթիընդթաֆս» ընկերությունը որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրել «Կապույտ ալիք» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, ինչն էլ «սիրով» ընդունվել է։ Համենայնդեպս՝ կառավարությունն  այսօր ընդունել է համապատասխան որոշում այդ մասին, որով նաեւ նախագահի աշխատակազմին է տրամադրվել Հրազդանի ծայրամասում գտնվող հանգստյան համալիրի ողջ գույքը։

Այս որոշումը, պետք է ասել, պատված է որոշ խորհրդավորությամբ։ Նախ, զարմանք է հարուցում այն փաստը, որ «Կապույտ ալիք» ՓԲԸ-ն լուծարվելու է։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ուներ ընդունել մի նվեր, որն այնուհետ լուծարվելու է։ Երկրորդ՝ «Կապույտ ալիքը» «Էսթիընդթաֆս»-ին զգալի պարտքեր ունի, որոնք նույնպես զիջվել են կառավարությանը։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարության միջոցով ինչ-որ փողեր են լվացվել, քանի որ անհուսալի ֆինանսական վիճակում ու պարտքերի մեջ մխրճված ընկերության բաժնետոմսերի նվիրաբերումով որեւէ մեկին զարմացնել չես կարող։ Այն, որ ընկերությունը չի գնացել ինքնալուծարման, այլ իրականացրել է նվիատվության ձեւակերպում՝ բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս։

Հատկանշական է, որ կառավարությունը հարկ չի համարել հստակեցնել նվիրատուի անունը՝ «Էսթիընդթաֆս» ընկերությունը հանրությանը անծանոթ է, նույնիսկ Google-ի որոնողական կայքերում նրան չես հանդիպի։

Նշենք, որ նախագահի աշխատակազմին անցնող գույքը իրենից ներկայացնում է 3286 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք եւ շինություն։ Ողջ գույքի հաշվեկշռային արժեքն է մոտ 800 մլն դրամ (մոտ 2,2 մլն դոլար)։