ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողությունների մի շարք դեպքեր, 4 անձի առաջադրվել է մեղադրանք:
Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. մարտին առերեւույթ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնությամբ կրկնօրինակված բանալիներով բացել են Գյումրի քաղաքի բնակարաններից մեկի դուռը, մուտք գործել բնակարան եւ հյուրասենյակի պահարանից գողացել խոշոր չափերի արժողության ոսկյա զարդեր։ Գողոնի մի մասը հանձնվել է մի տղամարդու, ում ինքնությունը եւս պարզվել է, ով ոսկյա զարդերը գրավադրել է, որի դիմաց ստացված գումարը բաժանել միմյանց միջեւ:
Ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նույն անձանց կողմից Շիրակի մարզում կատարված բնակարանային գողությունների, գողության փորձերի մի շարք դեպքեր եւս, հստակեցվել մասնակից անձանց շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից մեկը՝ անչափահաս աղջիկ։
Դ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ), 334-րդ հոդվածով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ա.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (երկու դրվագ), 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով,
Հ.Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (երկու դրվագ) եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, իսկ անչափահասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի եւ 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:





























