Հայաստանում ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատվելու դիմումները մերժելն արդեն դառնում է քաղաքականություն, ոչ թե օրինաչափություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը։
Փաստաբանի խոսքով ՝ Հայաստանում կա մոտ 100 ցմահ բանտարկյալ, որից 20-ը հատել է 20 տարվա ազատազրկման շեմը, եւ իրավունք ունեն դիմելու վաղաժամկետ արձակման համար, սակայն մինչեւ հիմա դիմումներից ոչ մեկը չի բավարարվել։
«Այս տարիների ընթացքում միայն մեկ ցմահ բանտարկյալ է ազատ արձակվել, այն էլ՝ ծանր հիվանդության հիմքով, նա ընդամենը մեկ շաբաթ ազատության մեջ մնաց, իսկ հետո մահացավ»,– ասաց նա՝ հիշելով Սողոմոն Քոչարյանի դեպքը։
Նրա խոսքով՝ Հայաստանում դեռ չի ձեւավորվել ցմահ ազատազրկվածներին վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, մինչդեռ ցմահ բանտակրյալների քանակը մեր երկրի համար չափազանց մեծ է. «Սլովենիայի նման երկիրը, որը ունի 2 միլիոն բնակչություն, ունի մոտ 20 բանտարկյալ։ ԱՄՆ- ում հաշվարկվում է մի քանի հարյուր բանտարկյալ, սակայն ԱՄՆ-ի դեպքում հարցը մի փոքր բարդ է, քանի որ այնտեղ գործում է մահապատժի ինստիտուտը»։
Ռեւազյանը կարեւորեց նաեւ պատիժը կրելու վայրում բանտարկյալներին դաստիարակելը, նրանց մուտքը հասարակություն նախապատրաստելը, որպեսզի նա ազատ արձակվելուց հետո չկրկնի հանցանքը։
«Հանցագործություն իրականացրած անձանցից շատերն ունեցել են ծանր մանկություն, չեն ունեցել ծնողներ, ապրել են արատավոր ընտանիքներում եւ վերջապես ունեցել են ծանր սոցիալական պայմաններ»,- ասաց Ռոբերտ Ռեվազյանը՝ նշելով, որ հաճախ այս գործոններն են նրանց դրդում հանցագործության, եւ հենց այս խնդիրներն է պետք առաջինը լուծել առողջ հասարակություն ունենալու համար։





























