Դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է ներքին գործոններով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ եթե մի քանի օր առաջ դոլարի արժեւորումը կարելի էր կապել արտաքին գործոնների հետ, ապա այսօր դա բացառված է:

«Վերջին օրերի ընթացքում դոլարի արժեզրկում էր նկատվում ամբողջ աշխարհում, մինչդեռ Հայաստանում այլ պատկեր է ուրվագծվում»,- նշեց փորձագետը:

Խաչատրյանի կարծիքով՝ միանգամայն հնարավոր է, որ արտարժույթի աճը տեղի է ունենում ներքին պայմանավորվածությամբ, քանի որ դա ձեռնտու է Ֆինանսների նախարարությանը, մասնավորապես՝  ֆինանսա-բյուջետային քաղաքականություն վարելու հարցում: «Եթե արտարժույթի արժեւորման միտումը պահպանվի, ապա դա Հայաստանի տնտեսությանը անցանկալի հետեւանքներով է սպառնում, մասնավորապես՝ գնաճով»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ դրա շարունակակնության համար հիմքեր չի տեսնում: