ԱՄՆ-ում հետ են կանչելու Tesla–ի բոլոր էլեկտրամոբիլները, նաեւ Ferrari եւ McLaren մարզական մեքենաները Takata անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով, հայտնել է երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA)։

Takata անվտանգության բարձերով սարքավորված ավտոմեքենաների ցանկում են 2012-ին թողարկված բոլոր Tesla-ները, ԱՄՆ-ում վաճառված Ferrari եւ McLaren մոդելների մարզական մեքենաները, Lexus LFA սպորտքարը, որի արտադրությունն արդեն դադարեցվել է, նաեւ մի շարք այլ մոդելներ, այդ թվում Fisker Karma հիբրիդները ու Audi R8 նոր սերունդը, գրում է «Կոմերսանտը»։

Հիշեցնենք, որ Takata անվտանգության բարձիկները, որոնք ամբողջ աշխարհում տեղադրում են մարդատար ու բեռնատար մեքենաների վրա, բացվելիս պայթում էին օդի ներմղման համակարգի խնդիրների պատճառով։ Մետաղական բեկորներն այսուայնկողմ էին թռչում՝ վնասելով վարորդին ու ուղեւորներին, ինչի հետեւանքով վերջին տարիներին 8 մարդ է զոհվել ու ավելի քան 100-ը վիրավորվել։ Ամբողջ աշխարհում արդեն մի քանի տասնյակ միլիոն մեքենա է հետ կանչվել։