Հայաստանում կգործարկվի ՓՄՁ գործարար միջավայրի բարեփոխման համար նորարարական կայք: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ԻՏՁՄ-ի հանրային կապերի բաժնից:   Կայքը գործարկվելու է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի եւ Եվրոպական բիզնես ասոցիացիայի «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նորարական կայքում (whistle-blowing) գործարարներին հնարավորություն կունենան հաղորդել կոռուպցիոն եւ այլ խնդիրների մասին, որոնց հիման վրա հետագայում կմշակվեն բարեփոխումների առաջարկներ:

Ինչպես տեղեկացնում են ԻՏՁՄ-ից, whistle blowing –ն ըստ էության թեժ գիծ է, սակայն այստեղ պահպանվելու է անձի գաղտնիությունը: Նշենք, որ նման համակարգը լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի համար նորություն է լինելու:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը  համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի  շրջանակում:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը «ԵՄ-ն բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների մաս է կազմում: