Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը դիզելային շարժիչների արտանետումների մասին տվյալները նվազեցնելու սկանդալի կարգավորման շրջանակում նոր համաձայնություն է ձեռք բերել ամերիկյան իշխանությունների եւ իր մեքենաների գնորդների հետ: Այս մասին հաղորդում է DW-ն:
Խոսքը միջին ծավալի դիզելային շարժիչներով 80 հազար մեքենաների հետգնման, վերանորոգման ծախսերի եւ վնասի փոխհատուցման մասին է:
Դեկտեմբերի 20-ին VW-ի ներկայացուցիչներն ու ամերիկյան իշխանությունները որոշում էին կայացրել, որ կոնցեռնը հետ կգնի երեք լիտր ծավալով շարժիչով շուրջ 20 հազար Audi մեքենաներ: Ինչ վերաբերում է մյուս մոդելներին, ապա դրանք պետք է տեխնիկական փոփոխությունների ենթարկվեն:
Համաձայնագրի մանրամասները պետք է մինչեւ 2017 թվականի հունվարի 31-ը ներկայացվեն դատարան՝ գործով վերջնական որոշում կայացնելու համար:





























