Բեռլինում աշխատող բրիտանացի երկու դիզայներներ Tumblr-ի բլոգում 2016 թվականի «ամենասարսափելի իրադարձությունների օրացույց» են կազմել (Badvent Calendar): Այս մասին գրում է Lenta-ն:
Օրացույցի համար նաեւ 25 տեսահոլովակ է ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են 2016 թվականին հանրությանը ցնցած իրադարձությունները:
Յուրաքանչյուրի ավարտին հեղինակներն առաջարկում են ինչ-որ կերպ լավացնել քաոսով եւ անիմաստ մահերով լի աշխարհը եւ գումար նվիրաբերել EducAid Sierra Leone կազմակերպությանը, որն անվճար կրթական ծրագրեր է իրականացնում Սիերա Լեոնայի բնակիչների համար:
Ամենասարսափելի իրադարձությունների թվում նշված են ԱՄՆ նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, Brexit-ը, Լեոնարդ Քոհենի եւ Փրինսի վախճանը, ինչպես ռազմական հակամարտությունների գոտում խաղաղ բնակիչների մահը:
Դեկտեմբերի 26-ին Twitter-ը հեղեղել էին հաղորդագրությունները, որոնցում կոչ էր արվում «2016 թվականի անեծքից» փրկել բրիտանացի 90-ամյա հաղորդավար Դեւիդ Աթենբորոյին: Մեծ Բրիտանիայի բնակիչները մտահոգվում են, որ «վատ» տարին կտանի մի քանի սերունդների կուռքին, այդ պատճառով առաջարկում են նրան թաքցնել մինչեւ 2017 թվականը:





























