Քվենտին Լետտսը Politico պարբերականում իր մտքերն է շարադրել այն մասին, թե ովքեր են լինելու 2017-ի հաղթողներն ու պարտվողները։
Հաղթողներ
1․ Ոսկեթիթեղներ վաճառողները։ Դոնալդ ու Մելանիա Թրամփը բնակություն կհաստատեն Սպիտակ տանը,- հիշեցնում է հեղինակը,- Մինչեւ նրանց հեռանալը արդյո՞ք Թրամփի ապարտամենտներում թեկուզ մեկ ոչ ոսկեզօծ սանտիմետր կմնա։
2․ Վլադիմիր Պուտինը․ «Զարմանալի չէ, որ ռուս կարճլիկ –բռնապետը այս ու այն կողմ է գնում՝ ասես գրգռված աքլոր լինի։ Նրա Ուկրաինայում ու Սիրիայում ռազմատենչ մանեւրները վերականգնել են նրա մոսկովյան մաչիզմը, իսկ ժողովրդական հուզումները Արեւմուտքում ցույց են տալիս, թե այնտեղ բոլորն ինչ քմահաճ թուլամորթներ են։ Ի՞նչ ժողովրդավարություն, ինչ բան։ Չնայած ռուսական տնտեսությունը արգելակվում է, խելագար Վլադը դժվար թե երբևէ իրեն ավելի վստահ զգար Կրեմլում բազմած, քան հիմա»,- ասվում է հոդվածում։
3․ Դրոշներ պատրաստողները։ «ԵՄ միասնականության փլուզումը ու Թրամփի վերելքը բարենպաստ օրեր կսկսեն դրոշներ արտադրողների համար,- կարծում է հեղինակը,- «Բրեքսիթը» ԵՄ քաղաքականոթյանն ազգայնականության թմրանյութի ներարկում է արել։ Իսկ դա նշանակում է թափահարել դրոշները։ Դրոշներ հավանաբար կգնեն Թրամփի եւ կողմնակիցները , եւ հակառակորդները։ Առաջինները որպեսզի ծածանեն աստղերով-գծավոր կտավները , երկրորդները՝ դրանք այրելու համար»։
4․ Մարին Լե Պեն․ «Ճանաչում, լուսաբանություն լրատվամիջոցներով, եթերային ժամանակ․ ահա թե ինչ է առաջարկում 2017-ը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուին։ Հնարավոր է Լե Պենը չհաղթի, բայց նրան չտեսնելն ու չլսելը դժվար կլինի։ Իսկ նրա կուսակցության համար այդ կարգավիճակը յուրատեսակ հաղթանակ է»,- նշում է Լետտսը։
Պարտվողներ
1․ Պաոլո Ջենթիլոնին․ «Ջենթիլոնին Իտալիայի նոր վարչապետն է,- հիշեցնում է լրագրողը,- Կկարողանա՞ նա նույնքան երկար պահպանել իր դիրքը, որքան սերֆինգիստը։ Միանգամայն հավանական է, որ ոչ»։
2․ ՆԱՏՕ-ն․ «Թրամփը հավանաբար դեռ չի կշռադատել ՆԱՏՕ-ի առթիվ իր նախընտրական հոռետեսությունը, սակայն նա արդեն անվստահություն է առաջացրել կազմակերպության ապագայի հանդեպ, որը վերջին 60 տարիներին եղել է Արեւմուտքի դիվանագիտական հենասյուներից մեկը։ Քանի որ շատ երկրներ պաշտպանության վրա չեն ծախսում ՀՆԱ նույնիսկ 2 տոկոսը, ՆԱՏՕ-ն սարսափելի թերսնված է թվում»,- ասվում է հոդվածում։
3․ Սիրիայի ժողովուրդը։ «Ավաղ, դժվար է պատկերացնել , որ Սիրիայում որեւէ մեկի համար 2017-ը կարող է առանձնապես դրական լինել»,- ասում է հեղինակը։
4․ Անգելա Մերկելը։ Այս աշնանը Գերմանիայում ընտրություններ են , ու չնայած կանցլեր Մերկելը կարո՛ղ է հաղթել, բայցեւայնպես նրա վրա արդեն ժանգի հետքեր են հայտնվում,- նշում է Լետտսը- Նրա կայունացնող միջոցներն արդեն այն չեն։ Մերկելի իմիգրացիոն քաղաքականությունը քաոս է ստեղծել ամբողջ Եվրոպայում։ Եթե կանցլերը իշխանության վերադառնա ոչ բարենպաստ հանգամանքներում, ինչպե՞ս կազդի դա նրա երկարաժամկետ հեղինակության վրա»։





























