Բեռլինի ոստիկանությունը ծննդյան տոնավաճառում ահաբեկչությունից 9 օր անց ձերբակալել է Անիս Ամրիի ենթադրյալ հանցակցին: Ձերբակալվածը Թունիսի 40-ամյա բնակիչ է, որը Բեռլինում է բնակվում, հայտնում է Spiegel Online-ը:

Բեռլինի ոստիկանությունն այս լուրը չի մեկնաբանել, իսկ Գերմանիայի դաշնային դատախազությունը հայտարարել է, որ այդ կապակցությամբ առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրվի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անիս Ամրիի վարած բեռնատարը Բեռլինի կենտրոնում՝ ծննդյան տոնավաճառում մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ահաբեկչության հետեւանքով 12 մարդ զոհվել է, գրեթե 50 մարդ վիրավորվել: Դեկտեմբերի 22-ին դաշնային դատախազությունը Անիսին կալանավորելու օրդեր է տվել, դեկտեմբերի 23-ին Միլանում նա սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: