Հայաստանի վարչական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել դեռեւս մեկ շաբաթ առաջ Հայ ազգային կոնգրեսի ներկայացված հայցը, որով ՀԱԿ-ի ավելի քան 100 համակիրներ վիճարկում են «մարտ 1»-ի դեպքերի ժամանակ իշխանությունների, եւ հատկապես ուժային կառույցների գործողությունների իրավաչափությունը:

Նրանք իրենց հայցում պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել «2008թ. մարտի 1-ից Հայաստանի նախագահի գլխավորությամբ գործադիր իշխանության մարմինների, մասնավորապես, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության կողմից նախաձեռնված ՀՀ քաղաքացիների արտահայտվելու ազատության իրավունքի, հավաքների ազատության իրավունքի, տեղաշարժվելու ազատության իրավունքի խախտումները, 2008 թվականի մարտի 1-2-ը իրականացվող խաղաղ հավաքները բռնությամբ եւ ապօրինաբար դադարեցնելու, սպանություններով զուգորդելու եւ ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների վերոնշված իրավունքները Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտմամբ սահմանափակելը»:

Վարչական դատարանը հայցը վարույթ ընդունելը մերժել է նշելով, որ հայցադիմումում սխալ է մեկնաբանված այն հոդվածը, որով վիճարկվում է հիշյալ մարմինների գործողությունների իրավաչափությունը:

ՀԱԿ-ը մինչեւ նոյեմբերի 3-ը վարչական դատարանի այս որոշումը վիճարկելու է վերաքննիչ ատյանում: