Ford ընկերությունը մեքսիկական Սան Լուիս Պոտոսի նահանգի իշխանություններին կփոխհատուցի նրանց բոլոր ծախսերը գործարանի նախագծի համար, որի շինարարությունից ամերիկյան ավտոարտադրողը հրաժարվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նահանգի կառավարությունը։
Նոր ձեռնարկություն ստեղծելու համար Ford-ի ներդրումները պետք է 1․6 մլրդ դոլար կազմեին։ Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարությունն ափսոսանք է հայտնել ընկերության որոշման կապակցությամբ։
Նահանգի կառավարությունն ու Ford Motor Сompany ընկերությունը գործելու են շրջանակային համաձայնագրի պայմաններին համապատասխան,կիրառելով դրանում համաձայնեցված նորմերը՝ պայմանագրի վաղաժամկետ ավարտի դեպքում։ Ըստ այդ նորմերի՝ ընկերությունը պետք է լրիվ փոխհատուցի նահանգի կառավարության կողմից այդ նախագծի համար արված ծախսերը։ Դեռ հայտնի չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը։
Ford ընկերությունը հայտնել է, որ հրաժարվում է Մեքսիկայում ձեռնարկության շինարարությունից, երբ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է սակագներ սահմանել General Motors ընկերության այն մոդելների համար, որոնք այդ լատինաամերիկյան երկրում են արտադրվում ու հետո ներմուծվում Միացյալ Նահանգներ։ Ընդ որում Ford Focus մոդելների նոր սերունդը թողարկվում է Մեքսիկայի Սոնորա նահանգում արդեն գործող գործարանում։





























