Լաս Վեգասում բացված սպառողական էլեկտրոնիկայի (CES-2017) ցուցահանդեսում ներկայացվել է Toyota Concept-i-ի նախատիպը:

Չորստեղանի կոնցեպտի արտաքին տեսքը մշակվել է Քալիֆորնիայի Տոյոտայի դիզայն կենտրոնում, իսկ էլեկտրոնային «լցոնումը»՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող Toyota Innovation Hub-ի ստորաբաժանման կողմից: Ընկերությունում չեն բացահայտել Concept-i-ի ուժային սարքի տվյալները:

Toyota Concept-i-ն օժտված է արհեստական ինտելեկտով, իսկ վարորդի եւ ուղեւորների հետ փոխգործակցող համակարգը Yui անունն է ստացել: Անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը հայտնվում է դիմապակու վրա: Yui-ն կարող է նաեւ սրահի լուսավորությունը փոխել կամ ճանապարհային իրավիճակից կախված ձայնային ազդանշաններ տալ: Համակարգը հպումն է օգտագործում «ծայրահեղ կարեւոր տեղեկատվությունը հաղորդելու համար»: Toyota-ում, իհարկե, չեն բացատրել, թե հպումն ինչպես է գործում: Մեքենան «շփվում» է նաեւ տիրոջ եւ ուղեգոտու այլ մեքենաների հետ՝ թափքի արտաքին վահանակների հաղորդման միջոցով: Նախատիպի համար նախատեսված է նաեւ ինքնավար վարման համակարգ, երբ այն ակտիվացված է, ապա Concept-i-ի առջեւի հատվածում համապատասխան գրառում է հայտնվում: