Գերմանական Բրաունշվեյգ քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել Volkswagen ավտոկոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Մարտին Վինտերկորնի նկատմամբ, որին կասկածում են խաբեբայության մեջ, հայտնում է DW–ը։
Բավականին ծանրակշիռ ապացույցներ կան, որ Վինտերկորնը ավելի շուտ է իմացել ծրագրային ապահովմանն առնչվող մանիպուլացումների մասին, քան Volkswagen–ի ղեկավարության պաշտոնական վարկածն է հավաստիացնում, ասվում է դատախազության հայտարարության մեջ։ Volkswagen-ի նախկին ղեկավարը հրաժարական էր տվել 2015-ի սեպտեմբերին այն բանից հետո, երբ «դիզելային սկանդալն» էր բորբոքվել ավտոկոնցեռնի շուրջ։ Այն ժամանակ նա վստահեցնում էր , որ մինչ այդ որեւէ խախտման մասին տեղյակ չի եղել։
Բրաունշվեյգի դատախազությունը շարունակում է հետաքննությունը նաեւ Volkswagen-ի մյուս մենեջերների նկատմամբ, որոնց կասկածում են դիզելային շարժիչների ծրագրային ապահովման հարցում մանիպուլացումներին առնչություն ունենալու մեջ։ Կասկածյալների թիվը 21-ից հասել է 37 մարդու։




























