Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ աշխատանքները պետք է կառուցվեն ընթացակարգերի, յուրաքանչյուր գերատեսչության մասով ակնկալվող ներդրումների, կատարողականների կարգապահության, ժամկետների, ինչպես նաեւ պետական գույքի կառավարման եւ օտարման գործընթացի ու հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերի շուրջ:
Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի եւ կատարված աշխատանքների մասին: Վարչապետը խոսել է նաեւ տրված հանձնարարականների կատարողականների մասին՝ հատկանշելով մի շարք խնդիրներ: «Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Ես շատ կոշտ հետեւելու եմ կատարողականներին: Ժամկետանց կատարողականները գործընկերային էթիկայի խախտում են: Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար», - ասել է կառավարության ղեկավարը:
Պետական գերատեսչությունները ներկայացնում են ներդրումային ծրագրեր
Պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարներին վարչապետի կողմից հանձնարարվել էր՝ գույքագրել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերը եւ ներկայացնել 2017 թ. ընթացքում կանխատեսվող ներդրումների փաթեթները: Այդ կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա արդեն պետական գերատեսչություններից ստացվել է 249 ներդրումային ծրագիր, որոնց հիմքում ընկած են հետեւյալ չափանիշները՝ ֆինանսավորման աղբյուր, ծրագրի սկիզբ, 2017 թ. կատարողականի կանխատեսում եւ նոր աշխատատեղերի ստեղծում:
Վարչապետը, դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, հորդորել է սահմանված վերջնաժամկետում ներկայացնել ներդրումային նախագծերի առաջարկությունները: Ի պատասխան մարզերից ստացված ծրագրերը եւս այդ փաթեթում ներառելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ բիզնես տրամաբանության գնահատել ծրագրերը եւ համապատասխանության դեպքում ներառել այդ ցանկում: «Մենք ախտորոշել ենք յուրաքանչյուր գերատեսչության պրոբլեմ, որոշել ենք տեսլականը՝ ինչ պետք է անենք եւ այդ տեսլականի մեջ քայլեր ենք արել: Ըստ այս տեղեկանքի՝ 249 նախաձեռնություն կա, որոնց ֆինանսական աղբյուրները պարզ են, որոնց մոտավոր վերլուծությունը ցույց է տալիս, որ կիրագործվեն 2017 թվականին եւ շարունակական կլինեն 2018-ին», - նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է ավարտել պետգույքի կառավարման եւ օտարման ծրագրի մշակման աշխատանքները
Պետական գույքի կառավարման եւ օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն եւ վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտին հասցնել աշխատանքները եւ պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով. «Պետք է հստակ ձեւակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: Կարեն Կարապետյանը կարեւորել է հետադարձ կապի շարունակական ապահովումը եւ հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր ոլորտում մշակել հանրային իրազեկման ռազմավարություն եւ դրա իրագործման կոնկրետ քայլեր:




























