ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Այցի ընթացքում նախատեսված են Վիգեն Սարգսյանի բանակցությունները ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ պաշտպանական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող խնդիրներ եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաեւ ԻԻՀ գործադիր եւ օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի տարբեր գիտահետազոտական եւ արդյունաբերական ձեռնարկություններ:
Թեհրանում գտնվելու ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաեւ Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




























