Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը:

Արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին եւ ելնելով ձեւավորված շուկայական պայմաններից՝ կառավարությունը որոշել է ընդառաջել բիզնեսի առաջարկություններին եւ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսել մեղմացնող փոփոխություններ եւ   այդ նպատակով ՀՀ Ազգային ժողով ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ:

Արդյունքում՝ ակնկալվում է, որ 2018 թ.-ից կիրառվող ռոյալթիների հաշվարկման բազան էապես մոտ կլինի ոլորտում ձեռնարկությունների արտադրանքի իրացումից ստացվող հասույթի մեծությանը: