«Գազպրոմ»–ի հետ Վրաստանի նոր համաձայնագրի պայմանները նախկինից շատ ավելի վատն են, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվեաշվիլիի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն, հաղորդում է GHN գործակալությունը։
Միշվելաձեի խոսքով, նախագահը համարում է, որ խուսափել պայմանագրից բխող կորուստներից հնարավոր էր, սակայն ինչ–որ պատճառով նման փորձերը «ձախողվեցին»։ Վրաստանի նախագահի ներկայացուցիչը նշել է, թե այժմ հարկ է պատասխանել հարցին՝ ինչո՞ւ է Վրաստանը թուլացրել դիրքերը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ հարցում։
Միշվելաձեն հայտարարել է, որ այդ հարցով պետք է զբաղվի խորհրդարանը, եւ «նախագահը հորդորում է կառավարությանը՝ մասնակցել գործընթացին եւ կատարել Սահմանադրությամբ գործադիրի վրա դրված պարտականությունները»։
Բանակցությունների արդյունքներով Վրաստանը համաձայնել է ստորագրել Հայաստան Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցիկ տեղափոխման երկամյա պայմանագիրը։ 2017թ. տրանզիտի համար վճարումը իրականցվելու է գազով, որից հետո կատարվելու է ֆինանսական վերջնահաշվարկ։ Նոր համաձայնագրով Վրաստանը կկարողանա գազի լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերել 14 տոկոս զեղչով՝ 185 դոլարով մեկ խորանարդ մետր գազի դիմաց։



























