Սուբսիդավորումը պետք է արվի այն օղակին, այն կառույցին, որի մեջ տրամաբանություն կա: Այդ մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկմանը:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է 2016 թ. գերակա խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ իրականացվել են մի շարք միջոցառումներ պարենային անվտանգության բարելավման, տարբեր ճյուղերի զարգացման, վարելահողերի նպատակային օգտագործումը բարելավելու, գյուղացիական տնտեսություններին պետական սուբսիդավորմամբ պարարտանյութեր, դիզելային վառելանյութ եւ սերմեր, ինչպես նաեւ խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ: Անդրադառնալով 2017 թ. անելիքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է վերանայել պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը՝հաշվի առնելով, որ բաց մրցույթ հայտարարելով ավելի ցածր գին է լինելու:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է ֆերմերների ուսուցման եւ կոոպերատիվների աջակցության ուղղությամբ կատարվող աշխատանքներից: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը զեկուցել է, որ հանրապետությունում կա 317 հազար գյուղացիական տնտեսություն, 52 գյուղատնտեսական կոոպերատիվ, որոնց հիմնական մասն արոտօգտագործողների կոոպերատիվներն են: Վարչապետը կարեւորել է այս առնչությամբ անելիքների հստակ ձեւակերպումը. «Պարզ ձեւակերպեք՝ քանի ֆերմեր եք դուք ուզում, քանի ֆերմերային տնտեսություն եք ուզում, որ 2017 թվականին լինի: Վարակը դա է լինելու: Մենք պետք է հաջողակ բիզնեսմեններ մեծացնենք, բերենք-ցույց տանք, որ գյուղատնտեսության մեջ կարելի է փող աշխատել, կարելի է լավ ապրել»: Կառավարության ղեկավարը նշել է այն առաջնահերթությունները, որոնց պարագայում գյուղատնտեսության բնագավառը կզարգանա՝ ոլորտի թվայնացում եւ կապիտալիզացիա, սուբսիդավորման հասցեականություն, մեխանիզացիա եւ հաջողակ ֆերմերների դասի ձեւավորում: «Սուբսիդավորումը պետք է արվի այն օղակին, այն կառույցին, որի մեջ տրամաբանություն կա: Որն ապագա չունի, պետք է չանենք: Այլ խնդիր է՝ ոնց կանգնենք իր կողքին: Ինքը մեղավոր չէ, որ գյուղատնտեսության պրոֆեսոր չէ: Ինձ պետք է, որ դուք դրա փիլիսոփայությունը ձեւավորեք», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ հստակ թվայնացումից հետո պետք է իրականացնել մեխանիզացիա, հաշվարկել՝ որքան գումար է ծախսվում ձեռքով կամ թերի կատարվող աշխատանքների վրա եւ ելնելով դրանից՝ հաշվարկել այդ ծառայությունների շուկայի ծավալը, պահանջարկը, հետվերադարձելիությունը, անհրաժեշտ կապիտալ ներդրումները եւ բիզնեսի կազմակերպման ձեւը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին նախարարության՝ 2017 թ. գերակա խնդիրները եւ միջոցառումներն իրականացնել այս տրամաբանության ներքո: