ԱՄՆ-ն նոր նախագահ ունի, հետեւաբար եկել է փոփոխությունների ու անցումի ժամանակաշրջանը, սակայն փոփոխությունների հետ մեկտեղ գալիս է նաեւ հնարավորությունների ժամանակը։ Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առեւտրային պալատում իր ելույթի ժամանակ։

Դեսպանը նշել է, որ ամեն անգամ, երբ ձեւավորվում է նոր վարչակազմ, նոր թիմը միշտ շատ հարցեր է ունենում։ «Եվ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով Պետդեպարտամենտի վաշինգթոնյան գործընկերների հետ, պետք է նոր վարչակազմին տեղեկություններ ապահովի, որպեսզի նրանք կարողանան լիարժեք պատկերացնել հայ-ամերիկյան հարաբերությունների ուղղություններն ու նրբությունները, Հարավային Կովկասում մեր շահերի կարեւորությունն ու մեր բարեկամությունն՝ ամբողջ խորությամբ»,- նշել է Ռիչարդ Միլսը։