Մահմեդական 7 երկրների քաղաքացիների համար Միացյալ Նահանգներ մուտքը ժամանակավորապես արգելելու նախագահ Թրամփի հրամանագիրը հակասում է մարդու իրավունքների ոլորտում Վաշինգտոնի ստանձնած միջազգային պարտավորություններին, ավելի է դրոշմում մահմեդական համայնքները եւ զրկում ապաստան որոնողներին պաշտպանության իրավունքից։ Այս մասին ասված է ՄԱԿ–ի մարդու իրավունքների փորձագետների հայտարարության մեջ։

ՄԱԿ–ի 5՝ միգրանտների, ռասիզմի, ահաբեկչության եւ կտտանքների դեմ պայքարի, ինչպես նաեւ կրոնի ազատության հարցերով հատուկ զեկուցողների համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե հրամանագիրը խախտում է միջազգային օրենքի կարեւոր դրույթներից մեկը, համաձայն որի արգելվում է փախստականին վերադարձնել երկիր, որտեղ նա կարող է ենթարքվել կտտանքների կամ դաժան վերաբերմունքի այլ դրսեւորումների։

«Միացյալ Նահանգները պետք է հետեւի իր միջազգային պարտավորություններին եւ ապաստան տա նրանց, որոնք փախչում են հետապնդումներից եւ հակամարտություններից։ ԱՄՆ–ը ներգրավված է հակամարտություններին, այդ թվում՝ Իրաքում եւ Սիրիայում, եւ պարտավոր է ապաստան տալ այնտեղից փախչող մարդկանց», – նշում են ՄԱԿ–ի իրավապաշտպանները։