Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ: Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, համայնքների ղեկավարների եւ գործարարների հետ կառավարության ղեկավարը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրել է մարզը բնութագրող հիմնական ցուցանիշերը, զարգացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ նախատեսվող մի շարք ծրագրեր՝ մարզում տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով: Մարզպետը, մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին ակտիվ իրականացվում են ջերմոցային տնտեսությունների եւ ինտենսիվ կաթիլային եղանակով ոռոգվող այգիների ստեղծման աշխատանքներ: Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ նա տեղեկացրել է, որ նախատեսում են օպտիմալացում կրթության եւ առողջապահության ոլորտներում: Մասնավորապես, կրճատման ենթակա կլինեն մանկավարժական եւ վարչական կազմի 90 հաստիք, ինչի արդյունքում կտնտեսվի 60 մլն ՀՀ դրամ: 2017 թ. մարզի առողջապահական հաստատությունների օպտիմալացման շրջանակում նախատեսվում է 50 հաստիքի կրճատում, կտնտեսվի 44 մլն ՀՀ դրամ: Մարզպետը նաեւ ներկայացրել է 2017 թ. ծրագրերը մի շարք համայնքներում՝ արեւային էներգիայի արտադրության կայանների եւ նոր ջերմոցային տնտեսության հիմնում, նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնում, զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացում եւ այլ ծրագրեր:

Վարչապետ Կարապետյանն առաջարկել է քննարկումը կառուցել ըստ ոլորտների կատարված աշխատանքների, համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի, ինչպես նաեւ բիզնես միջավայրի զարգացման եւ ներդրումների ներգրավման հարցերի շուրջ:

Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, գործարարության խթանման ոլորտների պատասխանատուները ներկայացրել են նշված բնագավառների ընթացիկ վիճակագրությունը եւ զարգացման ծրագրերը: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն անդրադարձել է վարելահողերի նպատակային օգտագործման հարցին՝ նշելով, որ այն ցածր մակարդակ ունի, տվյալներ ներկայացրել գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների, կոոպերատիվների թվաքանակի վերաբերյալ: Վարչապետն առաջարկել է ներկայացնել Կոտայքի մարզի գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր, որը կներառի խելոք գյուղատնտեսության զարգացմանը, մշակովի ցանքատարածությունների ավելացմանը, ոլորտի մեխանիզացիային ուղղված կոնկրետ քայլեր: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ կա՞ հաշվարկ, թե որքան է կազմում մարզում գյուղատնտեսության մեխանիզացիայի ծառայությունների ընդհանուր ծավալը եւ արժեքը: Ոլորտի պատասխանատուի գնահատմամբ՝ այն մոտավորապես կազմում է 300 մլն ՀՀ դրամ: Խոսելով ոլորտի մեխանիզացիայի մասին՝ վարչապետն առաջարկել է մշակել լիզինգով գյուղտեխնիկայի ձեռքբերման հստակ ծրագիր, որը հնարավորություն կտա բարձրացնել ծառայությունների արդյունավետությունը, ոլորտի արտադրողականությունը: Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ տրամաբանությամբ ծրագիր ներկայացնելու դեպքում կառավարությունը պատրաստ է համապատասխան աջակցություն տրամադրել:

Վարչապետը ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում ծրագրերն ուղղվելու են այն նախաձեռնություններին, որոնք ունեն տրամաբանություն, նվազեցնելու են ծախսերը, ավելացնելու եկամտաբերությունը: «Գյուղատնտեսությունը բիզնես է: Մեզ մոտ արմատացած է միտքը, որ եթե գյուղատնտեսությունը չսուբսիդավորենք, այն չի զարգանա: Մենք անպայման պետք է օգնենք գյուղատնտեսությանը, բայց օգնենք հեռանկար ունեցող ծրագրերին, որովհետեւ, օրինակ, տարեցտարի ցորենի ցանքատարածությունները մեծանում են, ո´չ գյուղացին է գոհ, ո´չ պետությունը, իսկ սուբսիդավորման գումարն անընդհատ մեծանում է, պետության վրա բեռը՝ ավելանում, ո´չ գյուղացու մոտ է որակը փոխվում, ո´չ մեզ մոտ: Այդպես որ շարունակենք, ո՞ւր ենք գնալու: Հենց զգանք մեր վերջնական նպատակը ո՞րն է, որտե՞ղ կարող ենք գումար ներդնել եւ այն հետ բերել, որտե՞ղ պետք է ուղղակի սուբսիդավորել՝ ակնկալելով մուլտիպլիկատիվ էֆեկտ, քայլ առ քայլ առաջ կգնանք: Եկեք փորձենք որակը փոխել, հասկանալ՝ ինչն է ճիշտ, գյուղացուն, ֆերմերին ուղղորդենք եւ կրթենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուից վարչապետը հետաքրքրվել է բժշկական հաստատությունների աշխատանքի, կառավարման արդյունավետության մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ այժմ մշակվում է ոլորտի զարգացման նոր հայեցակարգ. «Պետք է այնպես անել, որպեսզի որպես պացիենտ ես ընտրեմ այն կլինիկան, թե որտեղ պետք է բուժվեմ, ոչ թե շտապօգնությունն անկախ իմ կամքից տեղափոխի այլ բուժհաստատություն»: Վարչապետը կարեւորել է մարզի բուժհիմնարկների կառավարման գործում մասնավոր կառավարիչների ներգրավումը: «Եթե մասնավորը գա՝ ավելի լավ, ավելի էֆեկտիվ է կառավարելու, փող է դնելու, վերանորոգում է իրականացնելու: Եթե մասնավորն ավելի լավ պայման չի առաջարկելու, քան դուք այսօր ունեք, մի հանձնեք մասնավորին, բայց միշտ մրցակցային իրավիճակը ապահովեք:Ակնհայտ է, որ մրցակցային պայմանների ստեղծումն է բժշկության զարգացումը: Ոլորտում ստվերը շատ է, այն պետք է բերել լեգալ դաշտ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուին հորդորելով կտրուկ մեծացնել 2017 թ. համար վճարովի ծառայությունների պլանը:

Վարչապետն անդրադարձել է նաեւ կրթական համակարգի բարեփոխման հարցին՝ կարեւորելով ոլորտում թե´ կադրային, թե´ շենքային օպտիմալացումը: «Մենք ունենք համայնքներ, որտեղ դպրոցները թերբեռնված են, հաստատուն ծախսերը շատ են: Այդ դպրոցները միավորելով եւ´ հաստատուն ծախսը կնվազեցնենք, եւ´ ձեր տնտեսած միջոցների հաշվին այն համայնքներում, որտեղ ուսուցիչ չի գնում, վարձավճարի համակարգը որոշակի բոնուս կունենա: Այն միջոցները, որոնք արդյունավետ կառավարման մեջ տնտեսում եք, մի մասն ուղղեք այդ նպատակին», - նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նաեւ մարզում բիզնես միջավայրի ընդհանուր վիճակի, ձեռնարկությունների քանակի, գործունեության ոլորտների, զբաղվածության մակարդակի, ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

Մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարները ներկայացրել են զարգացմանը վերաբերող առաջարկություններ: Աբովյանի քաղաքապետը, մասնավորապես, առանձնացրել է Աբովյանը խելացի քաղաք եւ ՏՏ ոլորտում ազատականացված գոտի դարձնելու ծրագրերը, որոնք այժմ մշակվում են եւ համապատասխան ընթացակարգերից հետո կներկայացվեն կառավարություն: Ողջունելով գաղափարը՝ վարչապետը կարեւորել է Աբովյանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը եւ թվայնացումը, ինչպես նաեւ քաղաքի ենթակառուցվածքների կառավարման գործում մասնավոր հատվածի ներգրավումը: Իսկ Ծաղկաձորի քաղաքապետը ներկայացրել է համայնքի զարգացման ծրագիրը, որի նպատակը զբոսաշրջության ու հյուրանոցային բիզնեսի խթանումն է: Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ասիական զարգացման բանկի կողմից 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում Ծաղկաձորում կստեղծվի ժամանցի կենտրոն:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաեւ մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք վերաբերում են արեւային կայանների եւ ջերմոցների ստեղծմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, կաշվե իրերի արտադրության հիմնմանը, ինտենսիվ կաթիլային համակարգով ոռոգվող այգիների ստեղծմանը, արդեն գործող բիզնեսների ընդլայնմանը եւ այլն: Կարեն Կարապետյանը ողջունել է հնչած գաղափարները՝ առաջարկելով դրանք ձեւակերպել բիզնես տրամաբանությամբ եւ ներկայացնել կառավարության քննարկմանը: