ԲՀԿ համագումարին ընդառաջ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծվող դաշինքում իրավիճակն ավելի է  լարվում: NEWS.am-ի տեղեկություններով` դաշինքին միացած ուժերը` «Միասնությունը», ՍԴՀԿ-ն, ՀՀՇ-ն հայտնվել են անորոշության մեջ, նրանց չի հաջողվում Գագիկ Ծառուկյանի հետ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել ու վստահաբար դաշինքով մասնակցել ընտրություններին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` հնարավոր է Գագիկ Ծառուկյանին լքի նաեւ  Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: Հիշեցնենք, որ ՀՌԱԿ-ի հետ Ծառուկյանը դադարեցրել է համագործակցությունը՝ այդ կուսակցության սփյուռքյան կառույցի հետ անհամաձայնությունների պատճառով, իսկ ՍԴՀԿ-ի հետ բանակցությունները շարունակվում էին: 

Ծառուկյանի շուրջ ստեղծվող դաշինքին միացած ՀՀՇ-ն եւս կանջատվի դաշինքից եւ միայն կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանը կընդգրկվի ԲՀԿ-ի ընտրական ցուցակում. նա կառաջադրվի Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ ընտրական տարածքում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ`  ԲՀԿ-ի հետ վաղը՝ փետրվարի 10-ին, դաշինք կստորագրի միայն  Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը եւ միայն Ուրիխանյանը կընդգրկվի ԲՀԿ-ի ցուցակում, ինչին, որոշ տեղեկությունների համաձայն,  դեմ է Նաիրա Զոհրաբյանը: «Միասնության» ղեկավար Արման Վարդանյանը հնարավոր է`ընդգրկվի ԲՀԿ-ի ցուցակում:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին տեղի կունենա ԲՀԿ համագումարը, որի ընթացքում Ծառուկյանը կընտրվի կուսակցության ղեկավար եւ ընտրություններին կմասնակցի ինչպես նախկինում: