Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Զաքարյանն իր բարոյական ու քաղաքացիական պարտքն է համարում ընկերոջ՝ Գագիկ Ծառուկյանի կողքին գտնվել: Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը ղեկավարելու է ԲՀԿ-ի նախընտրական շտաբը:

Իսկ Ծառուկյանի շուրջ ստեղծվող դաշինքում լարվածությունը մեծանում է: Մեր տեղեկություններով՝ դաշինքին միանալու մասին հայտարարած ուժերն անորոշության մեջ են. ոչ մի կերպ չի հաջողվում Ծառուկյանի հետ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել ու վստահաբար դաշինքով գնալ ընտրություններին: Ասում են՝ առաջիկայում բանակցությունները դադարեցնելու մասին կարող է հայտարարել նաեւ ՍԴՀԿ-ն, իսկ ՀՀՇ-ից էլ միայն կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանը կընդգրկվի ԲՀԿ-ի ընտրացուցակում: 

Ամեն դեպքում, այստեղ հստակություններ են ակնկալվում ԲՀԿ-ի վաղվա համագումարի արդյունքում:

Խնդիրների պակաս չկա նաեւ հայտարարված մեկ այլ՝ Օսկանյան-Օհանյան դաշինքում: Այստեղ էլ ընտրացուցակի առաջին հորիզոնականների կռիվ է: Վարդան Օսկանյանը, սակայն, վստահ է, որ բավական հաջող ցուցակ են ունենալու, տարակարծություններին էլ նորմալ է վերաբերվում:

«Համախմբման» ղեկավարն ընդհանրապես այս ընտրություններում համախմբման եւ արդար քվեարկություն անցկացնելու հարցում լավատեսորեն է տրամադրված: Սփյուռքից էլ կգան, կհետեւեն ընտրական գործընթացին:

Ընտրությունների թեմային կառավարության այսօրվա նիստի հենց սկզբում անդրադարձել է նաեւ վարչապետը: Մամուլի հրապարակումներից անհանգստացած՝ Կարեն Կարապետյանը զգուշացրել է. ադմինիստրատիվ ռեսուրսները քարոզչության համար չօգտագործել:

Եվս մեկ հորդոր-դիտողություն, այս անգամ՝ անձնավորված: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը թերանում է. մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագիրը դեռ չի ներկայացրել:

Կառավարությունը հայացքը սփյուռքին է ուղղել: Հայ համայնքներին կաջակցեն՝ ինչով կարող են. կվերապատրաստեն ուսուցիչներին, սփյուռքի դպրոցների համար գրքեր կմշակեն, այդ թվում՝ էլեկտրոնային, համատեղ մշակութային եւ մարզական միջոցառումներ կկազմակերպեն:

Բայց փոխադարձ աջակցություն էլ են ակնկալում: Հայաստանում սիրով պատրաստ են ընդունել սփյուռքահայ գիտնականներին. թող գան, համագործակցեն հայաստանյան բուհերի եւ գիտական ինստիտուտների հետ, գործարարներն էլ թող ուսումնասիրեն ներդրումների հնարավորությունը:

Իսկ ո՞ւմ էր վերաբերում քարոզչության մասին վարչապետի զգուշացումը: Վարդան Արամյանը վստահ է՝ ոչ ֆինանսների նախարարությանը: Նախարարը վստահ է, որ դա պարզապես հորդոր էր՝ նախընտրական շրջանում անհարկի շահարկումներից խուսափելու համար: Իր ղեկավարած գերատեսչությունում նման բան չի կարող լինել: Իսկ եթե հարկ լինի, Արամյանը պատրաստ է հեռանալ նախարարի պաշտոնից եւ կուսակցական գործերով զբաղվել:

Ֆինանսների նախարարից լրագրողներն այսօր մանրամասն հետաքրքրվել են Հայաստանի արտաքին պարտքով. նոր պարտքի ներգրավման հավանականություն, հին պարտքերի մարում, դրանց սպասարկում եւ այլն: Արամյանը վստահեցրել է. արտաքին պարտքի վճարման հնարավորությունները բարելավել ենք։

Մինչ նախարարները նիստի էին հավաքվել, կառավարության հետնամասում միջադեպ է տեղի ունեցել: Պաշտպանության նախարարին սպասող բանակում զոհված զինծառայողների ծնողներին քաշքշել են, փորձել բերման ենթարկել: Զինծառայողների մայրերն ուզում էին զրուցել Վիգեն Սարգսյանի հետ: Ասում են՝ հանդիպման խնդրանքով դիմել են նախարարություն, բայց ասել են՝ իրենց զավակների գործով պաշտպանության նախարարությունը չի զբաղվում:

Խոշոր վթար մայրաքաղաքում: Սեբաստիա փողոցում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. իրար է բախվել երեք ավտոմեքենա: 4 ուղեւոր հիվանդանոց է տեղափոխվել: Պարզվել է, որ մեքենաներից մեկի վարորդը՝ 70-ամյա Սամվել Մարտիրոսյանը, ոչ սթափ վիճակում է եղել:

Դոլարն ու եվրոն թանկացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 520, ռուբլունը՝ 8 դրամ 25 լումա, ֆունտինը՝ 611 դրամ:

Փետրվարի 10-ին հանրապետության առանձին շրջաններում կրկին ձյուն է սպասվում: Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետեւ գրեթե չի փոխվի: Երեւանում վաղը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: