Բելառուսի գլխավոր դատախազությունում հաստատել են, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չի եղել:

Դատախազության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ «Բելառուսում ձերբակալված եւ Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզման մեջ է եղել»:

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով Հայաստանի ոստիկանության ներկայացուցչին, հաղորդել էին, որ ոստիկանությունը հարցում է կատարել եւ Ինտերպոլից պատասխան ստացել, որ Լապշինը երբեք այդ կազմակերպության կողմից հետախուզման մեջ չի եղել:

«Քաղաքացի Լապշինը միջպետական հետախուզման մեջ է եղել եւ ձերբակալվել է ԱՊՀ երկրների միջեւ գործող համաձայնագրին համապատասխան»,- հայտարարել է բելառուսական դատախազության ներկայացուցիչը:

Գլխավոր դատախազության ներկայացուցչի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմանը: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին նա հայտարարել էր. «Նրան ձերբակալել են Ինտերպոլի որոշմամբ: Եվ բոլոր օրենքներին ու կարգերին համապատասխան՝ մենք պետք է նրան Ադրբեջանին փոխանցենք: Իհարկե՝ մենք կարող ենք նրան ընդհանրապես ազատ արձակել, բայց դա ճիշտ չի լինի»: