«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը ՔԿՀ-ում նվաստացուցիչ պայմաններում է գտնվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը:
«Այս վերջին ժամանակահատվածում նրա ոտքը ահավոր բարակել էր, բուժում չէր ստանում, իսկ հիմա նաեւ այտուցվել է: Ըստ բժշկական փաստաթղթերի նրա ոտքի մեջ առկա են 18 օտար մասնիկներ: Նրան որեւէ բուժօգնություն չի տրամադրվել ու բացի դրանից էլ նրան նստեցրել են Նուբարաշեն ՔԿՀ-ի առաջ հարկի խցերից մեկում, որտեղ անմարդկային ու նվաստացուցիչ պայմաններ են»,-ասաց նա:
Ավելի վաղ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որ ոտքի ծանր վիրավորում ունեցող իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ եւ այդ քայլը նա գնահատել էր հաշվեհարդար նրա նկատմամբ:
Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, իսկ պատկան մարմինները պնդում են, որ Հովհաննես Հարությունյանը կազդուրվել է եւ նա ստացիոնար բուժման կարիք այլեւս չունի:
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:



























