Դատական իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու գործով դատաքննությունը, որով անցնում են Եգիպտոսի նախկին նախագահ, «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից Մուհամմեդ Մուրսին եւ եւս 24 եգիպտացի գործիչներ, կշարունակվի ապրիլի 8-ին: Այս մասին հայտնում է ՄԵՆԱ գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ շաբաթ օրը կայացած դատական նիստում չեն հասցրել բոլոր կողմերին լսել, նիստի տեղափոխումը կապված է ամբաստանյալների փաստաբաններին լսելու անհրաժեշտության հետ:

Նախկին քաղաքական գործիչներից բացի, դատավորներին վիրավորելու մեջ են մեղադրվում նաեւ փաստաբաններ, լրագրողներ, հասարակական գործիչներ, Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի ակտիվիստներ: