ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հրաժարվել է գաղտնի տեղեկություններին հատուկ հասանելիություն տրամադրել Ռոբին Թաունլիին, ով նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինի տեղակալն է: Այս մասին նշված է Politico պարբերականում:
Թաունլիին «տեղեկացրել են, որ ԿՀՎ-ն մերժել է գաղտնի տեղեկություններին հատուկ հասանելիության նրա հարցումը», որն անհրաժեշտ է Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի կազմում աշխատանքի համար, պնդել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրները:
«Դրա պատճառով Թաունլին, որը ծովային հետեւակի հետախուզության նախկին սպա է եւ երկար ժամանակ գաղտնի տեղեկություններին բարձր մակարդակով հասանելիություն է ունեցել, ստիպված է եղել Ազգային անվտանգության խորհրդի կազմում իր տեղը լքել»,- նշված է հոդվածում:
Politico-ի տեղեկություններով՝ մերժմանն աջակցել է ԿՀՎ-ի նոր տնօրեն Մայքլ Փոմփեոն, ինչն առաջացրել է Ֆլինի եւ նրա շրջապատի վրդովմունքը:
ԿՀՎ-ն իր որոշումը չի հիմնավորել, սակայն աղբյուրների կարծիքով՝ պատճառը հատուկ ծառայությունների կողմից կիրառվող մեթոդների նկատմամբ Թաունլիի եւ Ֆլինի հոռետեսական վերաբերմունքն է:
Պարբերականի զրուցակիցները կարծում են, որ ԿՀՎ-ն մտադիր է խանգարել նախագահի օգնականին եւ նրա մարդկանց: Դրանից զատ, Թրամփի շրջապատում մարդիկ կան, ովքեր Ֆլինին մեղադրում են նախընտրական արշավի եւ իշխանության փոխանցման շրջանում պետության ղեկավարին հետախուզական համայնքի դեմ տրամադրելու ձգտման մեջ, երբ Թրամփը «հրապարակավ կասկած էր հայտնում ամերիկյան հետախուզության այն եզրակացությունների կապակցությամբ, թե Ռուսաստանը ընտրություններին միջամտել է»,- նշված է հոդվածում:



























